«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Գայանեի մասին լեգենդներ էին պատմում

Գայանեի մասին լեգենդներ էին պատմում
12.06.2024 | 15:01

17-րդ դարի սկզբներին Արցախի Վարանդա գավառի մելիք Հուսեյնի աղջկա` Գայանեի մասին լեգենդներ էին պատմում:

Ասում էին` նա այնքան գեղեցիկ էր, որ մի հայացքով կարող էր շանթահարել ցանկացած տղամարդու: Գայանեին փորձում էին կնության առնել իշխաներն ու մելիքները, նրա ձեռքը խնդրելու էին գալիս անգամ հարևան երկրներից, սակայն ոչ ոքի չէր հաջողվում նրա սիրտը գրավել: Աղջիկը որքան գեղեցիկ էր, նույնքան էլ՝ խելացի:

Ի՞նչ պայմաններում էր ապրում գեղեցկուհին, արդյոք ունե՞ր ամուսնական ընտրություն կատարելու ազատություն:

Արցախի Վարանդա գավառի Ավետարանոց գյուղաքաղաքում էր ապրում մելիք Հուսեյնն իր իմաստուն կնոջ և գեղեցկուհի աղջկա հետ:

17-րդ դարի սկզբին թուրք հրոսակները ներխուժեցին Ավետարանոց ավան: Թուրք զորապետը տեսավ Գայանեին ու սիրահարվեց, բայց նույնիսկ նրա անկեղծ սիրո խոստովանությունը չդրդեց հայ աղջկան համաձայնություն տալ և ամուսնանալ թուրք բռնակալի հետ: Գայանեն անկոտրում էր իր որոշման մեջ և վճռական իր գործողություններում: Նա անելանելի դրության մեջ էր:

Գայանեն ոչ միայն գեղեցիկ էր, այլև` խորագետ: Նա արյունահեղությունից խուսափելու համար թուրք զորապետին կեղծ խոստում է տալիս ամուսնության, բայց իր համախոհների հետ, որոնց մեջ էր նաև նրա մայրը, մի գիշերվա ընթացքում սպանում է թուրք զորապետին և զորքին:

Գայանեն ոչնչացրեց մի ամբողջ զորքի և պատմության մեջ մնաց որպես հերոս կնոջ կերպար:

Գայանեի հայրը`մելիք Հուսեյնը, պայքարի ղեկավարներից էր: Այն, ինչ տեղի ունեցավ հետո, պատմության մեջ դաջվեց որպես Արցախի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը: Գայանեի արարքով ոգեշնչված` ժողովուրդը ձեռքն առավ զենքը և ոտքի ելավ: Ազգային համընդհանուր ըմբոստությունը օգնեց թեկուզ ժամանակավոր, բայց ազատել Արցախը թշնամիներից:

Գայանեն կայացրեց ևս մեկ համարձակ ու ոչ պակաս ճակատագրական որոշում. նա մտավ կուսանոց: Արցախի Ավետարանոց ավանում գործող Կուսանաց անապատը ապաստանեց գեղեցկուհուն: Մայրապետ Հռիփսիմեն առանձնակի ոգևորությամբ ընդունեց խիզախ աղջկան: Վանքում Գայանեն կրթություն ստացավ և դարձավ գրչուհի. նա ձեռքն առավ գրիչը և ընդօրինակեց ու ծաղկեց ձեռագիր մատյաններ, մի երևույթ, ինչը բնորոշ էր առավելապես տղամարդկանց, և դա զարմանալի չէ, քանի որ աղջկա նախկին արարքը նույնիսկ ամեն մի տղամարդ չէ, որ կխիզախեր անել:

Գայանեն ուսումնատենչ էր և արագ տիրապետեց գրչության արվեստին: 1641-ին Գայանեն գրեց «Մաշտոց»:

Ձեռագրի հիշատակարանում նշվում է, որ ստացողը Մարտիրոս քահանան է, պատվիրատուն` պարոն Ջանումը:

(«Մաշտոցը» Հայ առաքելական եկեղեցական ծիսական գիրք է: Պարունակում է ծեսերի և խորհուրդների կարգ և աղոթքներ):

Գայանեն իր ձեռագրում առանձին տողով ուղերձ է գրել` ասելով.

«Եթե գիրս կամենան առնել տեր Մարտիրոսի ձեռից, թող կանգնեն ահեղ դատաստանի առջև, նաև կաղաչեմ հիշել հարազատ քույր Հռիփսիմեին` հոգևոր ծնող, որ մանկուց դաստիարակեց ինձ:

Հռիփսիմե կույսը ապաստան տվեց դժվարությունների առաջ կանգնած գեղեցկուհուն, զբաղվեց նրա կրթության հարցերով, իսկ երբ Հռիփսիմեն փոխադրվեց Շենհերի անապատ, Ավետարանոց Կուսանաց անապատի մայրապետ դարձավ Գայանեն:

Գեղեցկուհի, խիզախ աղջկա կյանքը հետագայում հիմք հանդիսացավ Լեոյի «Մելիքի աղջիկը» (1898 թ) ավանդազրույցի համար: Այս ստեղծագործության հիման վրա Ստեփանակերտի թատրոնում պիես բեմադրվեց, ավելին` ոմանց կարծիքով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հիմքում արցախցի Գայանեի կերպարն է:

Նյութի աղբյուր՝ Հայուհիների ակումբ ArmLady Club

Հ.Գ.

Պահպանված բացառիկ ձեռագրի այս լուսանկարների տրամադրման և «Հայ կանայք գրչարվեստում» շարքին նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ին՝

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ